ԱՄՆ-ն սպառնում է թուրքական ընկերություններին

Անկարայում և Ստամբուլում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության դիվանագետներն այցելում են թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, սպառնում նրանց Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների պատճառով Այս մասին գրում է Aydınlık թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկույունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայում աշխատող ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների աշխատակիցներն այցելում են Թուրքիայի ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, որոնք բիզնես են վարում Ռուսաստանի հետ և սպառնում են նրանց ներառել պատժամիջոցների ցուցակում: Այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնց հետ կապվել է պարբերականը, պատմել են, որ ամերիկացի պաշտոնյաները սպառնացել են իրենց՝ «դռնեդուռ քայլելով կամ ուղղակիորեն նրանց հրավիրելով ԱՄՆ դեսպանատան շենքեր»:


Ընկերության աշխատակիցը, ով անանունություն է խնդրել, հայտնել է, որ այդ պաշտոնյաներից մեկը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության արտահանման վերահսկողության մասնագետ Գյուլին Կան Յուքսելթանն է:


Թերթի տեղեկություններով՝ Յուքսելթանի այցեքարտի վրա գրված է եղել «Արտահանման վերահսկման մասնագետ, Արդյունաբերության եւ անվտանգության բյուրո, ԱՄՆ առեւտրի նախարարություն»:


Անուններ չնշած գործարարները թերթին հայտնել են, որ այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են իրենց պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու մասին: Պարբերականի տվյալներով՝ պաշտոնյաները գործարարներին ասել են, որ «պարզել են, որ նրանք առևտրային և դրամական փոխանցումներ ունեն Ռուսաստանի հետ»՝ հարցնելով, թե «ինչու են բիզնես անում Ռուսաստանի հետ»:


Յուքսելթանը, որի հետ հաջողվել է կապ հաստատել թերթի թղթակցին, չի հերքել այցերի մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ իրավասու չէ այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:


Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվել են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժումներին։ Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ կապված Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ:


Հարցով զբաղվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։ Թուրքական կողմը պաշտոնական մակարդակով տեղյակ է Ռուսաստանի հետ վճարային փոխանցումներում առկա խնդիրների մասին, իրավիճակը ոչ աղետալի է համարում, երկու երկրների համապատասխան գերատեսչություններն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը: Միևնույն ժամանակ, բանկային հատվածի աղբյուրը փետրվարի 14-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ը, պատժամիջոցների քաղաքականությունից ելնելով, զգուշացնում է Թուրքիայի մի շարք մասնավոր բանկերի Ռուսաստանի հետ վճարային փոխանցումների մանրակրկիտ ստուգման անհրաժեշտության մասին, հասնում է սպառնալից երանգի:

Քաղաքականություն