Տավուշի նախկին մարզպետը Հայաստանին 1,5 մլն դոլար կվերադարձնի. դատախազություն

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։


ՀՀ գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ։


Արդյունքում նրանք կվճարեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:


Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։


Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:


Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։

Քաղաքականություն