Իրաքյան քրդերը հարձակվել են երկրում գտնվող ամերիկյան բազայի վրա
Իրաքի շիա խմբավորումները, որպես Իրաքում իսլամական դիմադրության ճակատի մաս, հայտարարել են Իրաքյան Քուրդիստանում (Հյուսիսային Իրաքում) ամերիկյան «Հարիր» ռազմաբազայի վրա հարձակման մասին։ Այս մասին ասվում է նրանց Telegram ալիքի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի արևմտյան և Սիրիայի հետ սահմանային շրջաններին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման։
Խմբավորումն ասել է, որ այս կերպ իրենք շարունակում են դիմակայել «ամերիկյան օկուպացիոն ուժերին Իրաքում» և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի գործողության։
«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները 2024 թվականի փետրվարի 3-ին անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են ԱՄՆ-ի օկուպացիոն բազայի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Հունվարի 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքը հարձակվել էր Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։ Ինչպես նշել է CNN-ը, Գազայի հատվածում հակամարտության սկզբից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ զինված ուժերը կադրային կորուստներ են կրում հակառակորդի գնդակոծությունից հետո։
Ի պատասխան՝ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։