
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվում են խուզարկություններ։
Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։ Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։