Սիրիայում հարձակման են ենթարկվել ամերիկյան ռազմակայաններ
Սիրիայի ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։
Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։
Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը։ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ շարժումը հայտնել է, որ մարտիկներն այդ գրոհն իրականացրել են՝ «ի պատասխան Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային սպանությունների»: Նշվում է, որ շարժումը կշարունակի պայքարն ամերիկյան օկուպացիոն ուժերի դեմ ինչպես Իրաքում, այնպես էլ հարևան երկրներում։
Իրաքում հունվարի 20-ին հարվածների էր ենթարկվել ԱՄՆ-ի Այն ալ Ասադ ռազմակայանը։ Ըստ Al Mayadeen-ի աղբյուրների՝ այդ ռազմական օբյեկտի ուղղությամբ արձակվել է առնվազն 10 հրթիռ։ Իրաքում ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է զինծառայողների շրջանում 2 վիրավորի մասին: