Իսրայելը ամփոփել է ռազմական գործողության առաջին երեք ամիսների արդյունքները

Իսրայելցի զինվորականներն ավարտել են Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի «ռազմական կառուցվածքի» ոչնչացումը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:


Նրա խոսքով՝ Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու համար պահանջվել է երեք ամիս՝ միևնույն ժամանակ թույլ չտալով խմբավորման գումարտակներին լայնածավալ հարձակումներ իրականացնել:


«Մենք ավարտել ենք ՀԱՄԱՍ-ի ռազմական կառուցվածքի ապամոնտաժումը Գազայի հատվածի հյուսիսային մասում, և մենք կշարունակենք խորացնել մեր ձեռքբերումները, ամրապնդել պատնեշը և պաշտպանությունը սահմանին», - ասել է Հագարին:


Նա նախազգուշացրելէ, որ չնայած Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ին հաղթելուն, այդ տարածքներից դեռևս հավանական է, որ Իսրայելի վրա սպորադիկ հրթիռային կրակ լինի:


«Մենք հարվածել ենք և կշարունակենք հարվածել և կշարունակենք խորացնել ձեռքբերումները այս ոլորտներում, բայց դա ժամանակ է պահանջում», - ասել է Հագարին:


Հագարին հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս կենտրոնացած է Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման վրա։


«Մենք դա կանենք այլ մեթոդով, մանրակրկիտ կերպով՝ ելնելով այն դասերից, որ քաղել ենք մարտերից մինչ այժմ: Մարտերը կշարունակվեն ամբողջ 2024 թվականին: Մենք աշխատում ենք պատերազմի նպատակներին հասնելու պլանի համաձայն՝ քանդել ՀԱՄԱՍ-ը կենտրոնում և հարավում և շարունակել բոլոր ջանքերը, հետախուզական, օպերատիվ և ռազմական ճնշումն ու վերադարձնել պատանդներին»,- ասել է Հագարին։