
Պարոն Ալեքսանյանը կճշտի կանաչ «ժիգուլիի» գտնվելու վայրը, կասի ձեզ․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Այսօր Ազգային ժողովում ընթացքող հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղության խաչմերուկի նշանակությանը՝ պատասխանելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որով վերջինս պահանջում էր Կառավարության անդամներից ներկայացնել խաչմերուկի օգուտը, ուղևորահոսքն ու բեռնահոսքի ավելացումը։
Կառավարության ղեկավարը նախ նկատեց՝ այդ ճանապարհները ՀՀ ճանապարհներն են, այնտեղով տասնյակ բնակավայրեր են օգտվում։
«Դա նույն է ինչ–որ հարցնեք, թե ինչ կարիք կա Երևան–Սևան–Իջևան–Բերդ, կամ Նոյեմբերյան կամ Գորիս, կամ Կապան ճանապարհը կառուցում եք, բոլորն էլ կառուցում ենք։ Սա դեղին ժիգուլու պատմությունն է, ենթատեքստն եմ ուզում հասկանալ, հետաքրքիր է լսել ձեր պատասխանի տարբերակները, մտածողության ֆորմուլան եմ ուզում հասկանամ, չեմ կարողանում։ Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետև դրանք ՀՀ ճանապարհներն են և շարունակվելու են նորոգվեն։ Ընդ որում՝ հիմա էլ ընթացիկ նորոգման աշխատանքներ կան, ձեր հարցի վերաբերյալ նաև կան այդպիսի հաշվարկներ և այդ հաշվարկները կարող ենք տրամադրել։ Դա միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկ է։ Խաղաղության խաչմերուկը տնտեսական հաշվարկ չէ, դա շատ ավելի ընթարձակ, համապարփակ նախագիծ է, ունի շատ ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն։ Այստեղ էլ ֆորմուլա կա՝ արդյոք մենք միջազգային հետազոտություններ արել ենք՝ բաց ճանապարհն է լա՞վ, թե՞ փակ։ Եթե դա անենք, կարող է պարզվի, որ ուրիշ հետազոտություն էլ է պետք»,– պատասխանեց վարչապետը։
Խաչատրյանը Փաշինյանին արձագանքելով ասաց․ «Պարոն Փաշինյան, չգիտեմ որտեղ ա դեղին ժիգուլին, նաև չգիտեմ, թե որտեղ ա կանաչ ժիգուլին, հիշո՞ւմ եք 02-ը, որ ձեր թիմը բրդում էր, ասում էր՝ սա հայկական տնտեսությունն ա, կանաչ ժիգուլին որտե՞ղ ա, նաև չգիտեմ՝ որտեղ ա էդ հաշվարկը, որ խնդրել էի ներկայացնել»։
Վարչապետը նկատեց․ «Կանաչ ժիգուլին իր տեղում է մեր կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանի ժիգուլին է։ Մոռացել եմ հարցնեմ՝ որտեղ է, բայց կարծում եմ պարոն Ալեքսանյանը կճշտի մեքենայի գտնվելու վայրը և կտեղեկացնի մեր ընդդիմադիրներին։ Ի՞նչի հետ է իմ խնդիրը, ի՞նչ պայման կա․ հիմա 21–րդ դարնն է, ամեն ինչը հրապարակային է, գործնականում ինչ կա հինգ րոպեում ինտերնետում դրվում է, երբեմն դիվանագիտական խողովակներով ավելի ուշ է ստացվում, քան լրատվամիջոցներով, սա 21–րդ դարնն է, 96 թիվը չէ, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի 20 տարի չիմանանք՝ վերջը ի՞նչ է գրած 23–րդ տարում նոր իմանանք, տենց բան չկա, որ դուք չգիտեք, և ոչ միայն դուք՝ ընդհանրապես»։