
40 հոգանոց խումբը բահերով, քարերով դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի տիրոջը. ինչ է հայտնի Աշտարակի կրակոցների գործով

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում։
Ըստ օրաթերթի՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, թե մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արեւիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։
«Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում չի եղել ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը:
Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը եւ կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է»,– գրել է օրաթերթը:
Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 20-ին: Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց:
Ըստ Shamshyan.com-ի՝ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց:
««Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին:
Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել»,– գրել է օրաթերթը: