Կրակոցներ Տավուշում. հոսպիտալացվել է 25-ամյա երիտասարդ. մանրամասներ. ԶԼՄ
Այսօր կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը՝ Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է:
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալու:
Ըստ կայքի՝ իրավապահները պարզել են, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում «Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Ժ. Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ հավաքելու նպատակով գտնվելիս է եղել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ժ. Սիմոնյանի կողմից Մ. Եսայանի հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո Մ. Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց նա վերադարձել է արդեն զինված և տեսնելով Ժ. Սիմոնյանին կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ»:
Իրավապահները հայտնաբերել են Մ. Եսայանին, ում տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին: Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Գ. Շամշյանի տեղեկություններով Մ. Եսայանը նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը «Իջևան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ»,– գրել է կայքը: