Իսրայելը ՀԱՄԱՍ-ին հայտնել է հրադադարի պայմանները

Իսրայելն առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդներին ազատելու և Գազայի հատվածից զոհված իսրայելցիների մարմինները հանձնելու դիմաց, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է այդ առաջարկը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

Ըստ աղբյուրների՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Եգիպտոսի և կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ:

 

«Իսրայելն առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդներին ազատելու և զոհված իսրայելցիների մարմինները փոխանցելու դիմաց»,- հայտարարել են աղբյուրները՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է այդ առաջարկը և պահանջել ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին:  

 

Աղբյուրները հավելել են, որ ՀԱՄԱՍ-ը երկարատև զինադադար Է խնդրել, սակայն Իսրայելը հրաժարվել է պատասխանել այդ առաջարկին:

 

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն էլ ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել: