Ինչու է Նեթանյահուն հրաժարվել ստորագրել Գազայում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու հրամանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին հրամանը՝ վախենալով, որ կկորցնի բնակչության վստահությունը դրա ձախողման դեպքում: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով հրեական պետության կառավարությունում իր աղբյուրները։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 


Պարբերականի երկու զրուցակիցների, ովքեր ներկա են եղել արտակարգ կաբինետի նիստերին, նշում են, որ Նեթանյահուն «զայրացրել է ավագ սպաներին՝ հրաժարվելով ստորագրել ներխուժման ծրագիրը»: Մերժումը, ինչպես պնդում են աղբյուրները, մասամբ պայմանավորված է վարչապետի՝ հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո ընդդիմության ներկայացուցիչների հետ ձեւավորված արտակարգ կաբինետի անդամների կողմից այդ քայլին միաձայն հավանություն ստանալու ցանկությամբ:

 

Թերթի գնահատականներով՝ Նեթանյահուի մերժումը վկայում է նախարարների կաբինետում տարաձայնությունների առկայության մասին, որոնց մի մասը դիտարկում է Գազա ներխուժման ավելի քիչ հավակնոտ ծրագիր, որը նախատեսում է մի քանի գործողություններ, որոնք ազդում են անկլավի փոքր մասի վրա՝ մեկ լայնամասշտաբ գործողության փոխարեն: 

 

Վերլուծաբանների կարծիքով՝ վարչապետը չի շտապում ինքնուրույն հավանություն տալ զինվորականների ծրագրին՝ վախենալով, որ իր նկատմամբ հանրային վստահության նվազման ֆոնին գործողության ձախողման դեպքում նրան կմեղադրեն։