ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Սիրիայում իրանական օբյեկտներին
ԱՄՆ զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրամանով հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող երկու թիրախների։ Պենտագոնի տվյալներով՝ այդ օբյեկտներն օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հարակից խմբերի կողմից:
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են «ինքնապաշտպանության նպատակով» և պատասխան են եղել Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա «շարունակվող և հիմնականում անհաջող» հարձակումների, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Այս հարձակումների արդյունքում զոհվել է ԱՄՆ մեկ քաղաքացի, վիրավորվել՝ 21 զինվորական։
Պենտագոնը վստահեցրել է, որ հարվածները նախատեսված են «միայն Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ուժերին պաշտպանելու համար» և ոչ մի կապ չունեն պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում և չունի հետագա ռազմական գործողությունների մեջ մտնելու մտադրություն կամ ցանկություն, սակայն Իրանի կողմից աջակցվող հարձակումները ԱՄՆ-ի ուժերի վրա անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերջին օրերին Սիրիայում ԱՄՆ-ի երկու բազաները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Պատասխանատվությունը ստանձնել են Իրաքի իսլամական դիմադրության անդամները, որոնք նախկինում մի քանի անգամ հարձակվել էին Իրաքում ամերիկյան բազաների վրա։ Անցյալ շաբաթ Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումների հետևանքով տուժել է 24 զինծառայող։