Պատերազմը ոչ թե պաղեստինցիների, այլ ՀԱՄԱՍ-ի հետ է․ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ
Իսրայելը պատերազմ է մղում ոչ թե պաղեստինյան բնակչության, այլ ՀԱՄԱՍ-ի դեմ, որը նա համարում է ահաբեկիչներ, հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 10-րդ արտահերթ նիստի ժամանակ։
«Հոկտեմբերի 7-ի ջարդը ոչ մի կապ չունի պաղեստինցիների հետ: Այն չի առնչվում արաբա-իսրայելական հակամարտությանը կամ պաղեստինյան խնդրին: Սա պատերազմ չէ պաղեստինցիների դեմ: Իսրայելը պատերազմում է ցեղասպան ջիհադիստական ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ»,- ասաց Էրդանը՝ ՀԱՄԱՍ-ին անվանելով մեր օրերի նացիստներ:
«Համասը թքած ունի պաղեստինցի ժողովրդի ճակատագրի վրա: ՀԱՄԱՍ-ը չի մտածում խաղաղության և երկխոսության մասին: ՀԱՄԱՍ-ը մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել երկրագնդի յուրաքանչյուր հրեային»,- ընդգծել է նա: