 
                                        
                                        
                                        
                                    Իսրայելը քննադատել է Էրդողանի խոսքերը ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ
 
                                        
                                        
                                        
                                    Իսրայելի իշխանությունները խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նա հրաժարվում էր ՀԱՄԱՍ–ն անվանել ահաբեկչական կազմակերպություն։ 
«Իսրայելը կտրականապես մերժում է նախագահ Էրդողանի կոշտ խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»,- գրել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը X սոցիալական ցանցում։ 
Նա կրկին հիշեցրել է հոկտեմբերի սկզբին ՀԱՄԱՍ-ի զինյալների արյունալի հարձակումը Իսրայելի հարավում և նշել, որ խմբավորմանը «պաշտպանելու» Էրդողանի փորձերը չեն փոխի այն փաստը, որ «ՀԱՄԱՍ–ը համարժեք է ԻՊ-ին»: 
Չորեքշաբթի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ–ը «ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատարարների և մոջահեդների խումբ, որոնք պայքարում են իրենց հողերն ու հայրենակիցներին պաշտպանելու համար»: 
Նա ասել է, որ Թուրքիան խնդիրներ չունի Իսրայելի հետ, սակայն դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի խաղաղ բնակիչների վրա։ Նախագահը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել «մատը հանել ձգանից»։ 
Էրդողանը հայտարարել է նաև Իսրայել այցելելու ծրագրերի չեղարկման մասին։ 
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            