Իսրայելցի զինվորականները հայտնել են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների թիվը
Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից 222 մարդու, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին։
Նա նաև հայտնել է, որ զինվորականների մոտ գտնվում է ՀԱՄԱՍ-ի սպանված զինյալների առնվազն1000 մարմին:
Հագարին տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» հակատանկային և հրթիռային ութ ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք փորձել են հարձակվել Իսրայելի տարածքի վրա: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր զինվորականները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» 20 բջիջներին:
Իսրայելցի ուժայինները հոկտեմբերի 7-ից Արևմտյան ափին ձերբակալել են ավելի քան 800 հետախուզվող պաղեստինցիների, նրանցից 500-ը ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներ են: Հոկտեմբերի 20-ին ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել հոկտեմբերի 7-ին գերեվարված ԱՄՆ երկու քաղաքացիներին։