Քաղաքականություն

«Ալիևի ելույթը Ստեփանակերտում լավ բան չի հուշում Հայաստանի համար»․ Թոմաս դե Վաալ

«Ալիևի ելույթը Ստեփանակերտում լավ բան չի հուշում Հայաստանի համար»․ Թոմաս դե Վաալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը օկուպացված Ստեփանակերտում Հայաստանի համար լավ բան չի խոստանում: Նման կարծիք է հայտնել Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալն իր X միկրոբլոգում՝ վերլուծելով Ալիևի հայտարարությունը։ 

Նրա կարծիքով, «դա զայրացած ելույթ է, որը խոսում է անցյալի դժգոհությունների մասին և ոչինչ չի ասում ապագայի կամ հաշտության մասին»: 

«Ոչ մի ձիթենու ճյուղ չկա: Խորեոգրաֆիան դա է ընդգծում: Ալիևը զինվորական համազգեստով Ստեփանակերտի/Խանքենդիի դատարկ հրապարակում: Ավելի ուշ Ալիևին նկարահանել են լքված փողոցներով և գրասենյակներով միայնակ քայլելիս:  

Փորձագետն ուշադրություն է հրավիրում Ալիևի այն խոսքերի վրա, որ «Ադրբեջանի բոլոր բնակիչները փառաբանում են Ալլահին»։ «Այս «մենք»-ն այստեղ չի ներառում 3 շաբաթ առաջ փախած հայերին, և նրանց վերադառնալու կոչ չկա։ 

Սա շատ անձնական է հնչում, և ասես Ալիևը դեռ ուզում է հաշվեհարդար տեսնել, իր կարծիքով, 17 տարվա նվաստացման համար, երբ հայերը գերիշխող դիրքում էին: Դրա համար նա ծաղրում է Ղարաբաղի հայ առաջնորդներին, ասելով, որ նրանք «թեյ են խմում» Ադրբեջանի բանտերում՝ «սպասելով արդարադատության»։ 

Դա նաև անձնական էր այն առումով, որ ելույթը համընկավ 2003 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին երդմնակալության 20-ամյակի հետ: Միգուցե նույնիսկ սեպտեմբերյան ռազմական օպերացիան այս ամսաթվի հետ համընկավ։ 

Սա լավ բան չի հուշում Հայաստանի համար: Այստեղ ոչ մի նշան չկա այն բանի, ինչի կոչ են անում արևմտյան երկրները՝ Ալիևը պետք է սկսի Հայաստանին և Փաշինյանին վերաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե պարտված թշնամու։ 

Փոխարենը, դա հուշում է, որ Ալիևը դեռ հավատում է, որ լեգիտիմություն է ձեռք բերում հանրությունից՝ մոբիլիզացնելով հակահայկական տրամադրությունները: Եվ սրանք ուժեղ նշաններ են, որ նա շարունակելու է սպառնալ հենց Հայաստանին»։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250