Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր նկատմամբ նշանակել են փորձաքննություն. «Ժողովուրդ»

Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ իրավապահների ձեռքում հայտնված սարսափելի տեսանյութերից հետո որոշում է կայացվել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն մայրը եւ երեխաները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

 

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս քննությամբ մնում է այն վարկածը, որ մայրը, նման կերպ վարվելով սեփական երեխայի հետ, ունեցել է մեկ նպատակ՝ ապացուցել ամուսնուն, որ պատժել է աղջկան իր դեմ ցուցմունք տալու համար։

 

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

 

Հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:

 

Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

 

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

 

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականություն