
Արայիկ Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենի հետ․ Խանումյան

Դեռ իմ նախարար եղած ժամանակ ակտիվ շփում կար Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
«Օրինակ՝ Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Կարմիր Շուկայում են հանդիպել, Մատաղիսում են հանդիպել, Ստեփանակերտում՝ կառավարական ամառանոցում», - նշել է նա։
Խանումյանի խոսքով՝ հանդիպումներից մեկի ժամանակ Նագիևը Հարությունյանին է փոխանցել Իլհամ Ալիևի խոսքերը, որով վերջինս հորդորում էր արցախյան կողմին հույսը չդնել այլ երկրների ղեկավարների վրա։
«Ասում էր հույսդ մի դիր Մակրոնի վրա, հույսդ մի դիր Բայդենի վրա, հույսդ մի դիր նույնիսկ Պուտինի վրա։ Այդ բոլոր մարդիկ որևէ ազդեցություն այս հարցում չեն կարող ունենալ։ Արի նստենք, խոսենք, պայմանավորվենք, հարցերը լուծենք ու գնանք առաջ», - ասել է խանումյանը, ապա հավելել, - «Փաստորեն երբ Ալիևն ասում էր, որ ուղերձներ է ուղարկում, իսկ իրենք ոչինչ չէին հասկանում, ուղերձներ չէին, այդ ամենն ուղիղ էր ասվում»։
Հարցին՝ արդյոք դրանք փաստեր են, Հայկ Խանումյանը դրական է պատասխանել։
Նա նաև նշել է, որ Արցախի իշխանություններին, որոնք հայտարարում էին, որ ռուսների միջնորդությամբ է պետք բանակցել, Ադրբեջանն ընկալում էր որպես գործակալներ և այդ մարդկանց հետ չէր ուզում շփվել, քանի որ համարում էր, որ նրանք ուրիշ երկրի շահերն են սպասարկում, ուրիշ երկրի ասածով են շարժվում։
«Ես հենց սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի օրը, երեկոյան, երբ զանգեցի Սամվել Շահրամանյանին և խնդրեցի, որ պատասխանատվությունը թողնի Սամվել Բաբայանի վրա, ով պատրաստ էր այդ պահին ստանձնել, ասացի, որ իրեն ադրբեջանցիներն ընդունում են որպես գործակալ, առանց նեղանալու, և դրա համար դաժանորեն պատժելու են։
Սեպտեմբերի ութի երեկոյան Սամվել Բաբայանին հրավիրում են Ազգային ժողով։ Ես զանգում եմ, հարցնում՝ ինչ եք խոսել, ասում է, որ իր առջև դրել են, որ Ադրբեջանը վերջնագիր է դրել, որ եթե ընտրություն տեղի ունենա ու Սամվել Շահրամանյանն ընտրվի, որը միակ թեկնածուն էր, ապա «հակաահաբեկչական օպերացիա» են սկսելու»,-ասել է Հայկ Խանումյանը։
Դիտարկմանը, որ այդ ամենն ուղիղ են ասել, Խանումյանը արձագանքեց․ «Ուղիղ ասել են և այդ ամենը խորհրդարանական ուժերի կողմից փոխանցվել է Սամվել Բաբայանին։ Հանդիպմանը ներկա էին Դավիթ Իշխանյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խորհրդարանական խմբակցություններ ձևավորած քաղաքական ուժերի ղեկավարներ Աշոտ Ղուլյանը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Մոսիյանը։ Այդ մարդկանց ներկայությամբ այդ ամենն ասվել է, այդ թվում՝ Ադրբեջանի վերջնագրի մասին։ Բայց ասել են՝ մենք վերցնում ենք պատասխանատվություն, անում ենք ընտրություններ, խնդրում ենք՝ դուք ցույց մի արեք»։
Ճշտող հարցին՝ արդյոք նրանք կարծում էին, որ ՌԴ-ն օգնելու է, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Այո՛, իրենք հավատացած էին, որ Ռուսաստանը ճանապարհները բացելու է, թեկուզ Աղդամի միջով, և իրենք կարողանալու են այդ խնդիրները լուծել։ Եվ մինչև վերջ էլ, կարծում եմ, համոզված էին, որ Ռուսաստանն իրենց կօգնի և իրենք կհայտնվեն Երևանում, այլ ոչ թե Բաքվում»։