Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ

Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բան՝ հայտնվելով ծայրահեղ ծանր կացության մեջ: 100 հազարից ավելի արցախցի այսօր այստեղ է` Հայաստանում: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը բաժանվել է երկու մասի` կարեկցողների եւ անխիղճ անհոգիների: Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ամեն հնարավոր ձեւով փորձում են օգնել, աջակցել բռնի տեղահանված արցախահայերին, բայց նրանց կողքին ապրում են նաեւ մարդիկ, ովքեր սառնասիրտ են, անտարբեր, երբեմն` դաժան: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


Երեկ օրաթերթն ահազանգ է ստացել, նրանց է դիմել  արցախցի մի բազմազավակ մայր, ով պնդել է, որ Երեւանի թիվ 122 դպրոցում մերժել են ընդունել իր 8-ամյա որդուն` անտրամաբանական եւ անհասկանալի պատճառաբանություններ բերելով:

 

«Բազմազավակ մայր եմ, ունեմ չորս երեխա: Տղաս 8 տարեկան է, մնացած երեքը մեծ են` ուսանողներ են: Որդիս Արցախում` Ստեփանակերտում սովորել է ռուսական դասարանում: Մտածողությունը ռուսական է, կրթությունը` եւս, նրան շատ դժվար կլինի հաճախել հայկական դպրոց` հայկական դասարան: Դիմեցինք Երեւանի թիվ 122 դպրոց, ռուսական կրթությամբ դասարաններում տեղավորելու համար, սակայն մեզ պատասխանեցին, որ չեն կարող ընդունել երեխային, որովհետեւ մեր երեխայի ծնողներից եւ ոչ մեկը ՌԴ քաղաքացի չէ, եւ հետո` երեխան պետք է հինգ տարի շարունակ ռուսական կրթություն ստացած լինի, որպեսզի ընդունեն դպրոց: Սակայն իմ երեխան երրորդ դասարան է, ռուսական կրթություն ստացել է ընդամենը երեք տարի: Ասացի` լավ, դե որ ձեր օրենքն այդպես է պահանջում, կդիմենք ԿԳՄՍ նախարարություն: Դիմեցինք նախարարություն, նախարարությունից մեզ համոզում էին, որ հայկական դպրոց դիմենք: Բայց ինչո՞ւ: Երեխան երեք տարի ռուսական դպրոց է հաճախել, ինչո՞ւ հավելյալ դժվարություն առաջացնել առանց այդ էլ մեծ դժվարություններ տեսած, սթրեսի ենթարկված երեխայի համար: Այս պահին երեխաս ոչ մի դպրոց չի հաճախում: 

 

ԿԳՄՍՆ-ից ասացին, որ հարցին լուծում կտան, հետո մեզ զանգահարեցին, ասացին, որ կարող ենք դիմել դպրոց եւ գործընթացը սկսել: Նորից ենք դիմել, դրանից հետո էլ ասացին, որ պետք է հանձնաժողով նշանակվի, եւ եզրակացություն կազմվի, երեխան իսկապե՞ս ռուսական դասարանի պահանջներին համապատասխանում է, թե՞ ոչ: Նշանակեցին հանձնաժողով, զրուցեցին երեխայի հետ, եկան այն եզրակացության, որ իսկապես իմ երեխան պետք է ռուսական դասարանում սովորի: Դրանից հետո նորից դպրոցը մերժում է ընդունել երեխայիս: Այսօր գնացել եմ դպրոց, գիտե՞ք, թե հիմա էլ դպրոցից ինչ պատճառաբանեցին, ասում են՝ եթե երեխան նույն դպրոցում չունի քույր կամ եղբայր, չեն կարող ընդունել: Ո՞վ է նման բան լսել: Ինչի՞ համար: Իմ երեխան դպրոցական տարիքի քույր կամ եղբայր չունի: Դա ի՞նչ պատասխան է»,- ասել է արցախցի կինը: 

 

Օրաթերթը կապ է հաստատել Երեւանի թիվ 122 դպրոց՝ պարզելու, թե ինչու արցախցի դպրոցահասակին չեն ընդունում դպրոց, չնայած ԿԳՄՍ նախարարությունը խոստացել է, որ բոլոր արցախցի դպրոցահասակ երեխաներն իրենց անգամ ժամանակավոր բնակության վայրին մոտ դպրոցներում կարող են սովորել: Դպրոցի աշխատակիցը  ասել է, որ ո՛չ տնօրենը եւ ո՛չ էլ փոխտնօրենը չեն կարող զրուցել:

 

 Նախարարությունից օրաթերթին հայտնել են, որ Երեւանի թիվ 122 դպրոցում` 1-4-րդ դասարաններում չկա ազատ տեղ, դա է պատճառը, հավանաբար, որ արցախցի երեխային դպրոց չեն ընդունել: Մեր այն հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են պատճառաբանել, որ պետք է երեխան քույր կամ եղբայր ունենա նույն դպրոցում, որպեսզի նրան ընդունեն։ Ասացին, որ վերջին իրադարձություններով պայմանավորված` ԿԳՄՍՆ-ն որոշել է, որ եթե տվյալ դպրոցի, օրինակ, 7-րդ դասարանում սովորող աշակերտն ունի քույր կամ եղբայր, որը պետք է ընդունվի երկրորդ կամ երրորդ դասարան, սակայն այնտեղ տեղ չկա, ծնողի համար դժվարություններ չառաջացնելու համար, բացառություն անեն տվյալ աշակերտի համար: Հասկանալի չէ, թե տեղ չլինելու պարագայում բացառությունը որն է, եւ ինչու հնարավոր չէ բացառություն անել հենց այս երեխայի համար:

 

Քաղաքականություն