
Կուսակցությունների ներկայացուցիչները՝ Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելու մասին. «Հրապարակ»

«Հանրային ձայն» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող Նանա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ «Հանրային ձայն» կուսակցության անդամները Տիգրան Ավինյանին դեմ են քվեարկել, սակայն ավագանու նիստին մասնակցել են, որովհետև դեմ են Երևանի քաղաքապետի նոր ընտրություններին: Եվ չնայած նրան, որ Մարությանի թիմից պնդում են, որ Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» համար առավել նախընտրելի է Ավինյանը, քան Մարությանը, Նանա Սարգսյանը կարծում է, որ չկա որևէ տարբերություն Տիգրան Ավինյանի և Հայկ Մարությանի միջև, քանի որ, իր կարծիքով` նախկին ՔՊ-ական չի լինում.
«Մենք բոլորին դեմ ենք քվեարկել, նաև դեմ էինք երկրորդ ընտրություններին գնալուն, այն դեպքում, երբ երկիրը գտնվում է շատ կրիտիկական վիճակում, արցախցիները կանգնած են լուրջ խնդիրների առաջ, բյուջեն վատնելու իմաստ չկար, հատկապես այն դեպքում, երբ ոչ մի տարբերություն չկա՝ Ավինյանը կլինի քաղաքապետ, թե Մարությանը: Անկախ ամեն ինչից, մենք աշխատելու ենք որպես ընդդիմադիր, մեր աշխատանքին հետագայում բոլորդ ականատես կլինեք», - նշել է նա:
«Ազգային առաջընթաց» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ավագանու անդրանիկ նիստին, նշել է.
«Իրար միացան ուժեր, որոնք առանձին չէին կարողացել բավարար ձայներ հավաքել: Սա Երևանի համար մեծագույն հարված էր: Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իր համար Ավինյանն է առավել նախընտրելի, քան Մարությանն, այնպես որ այս մասով որևէ նորություն չկար, զարմացած չենք, ՔՊ-ն իրենց վարչապետին հայհոյողի հաշվին քաղաքապետ ընտրեց: «Հանրապետություն» կուսակցության մասով էլ չկա ոչ մի նորություն: Ես այդ կուսակցությանը չեմ համարում ընդդիմություն: Նրանք մշտապես կիսում են ՔՊ-ի տեսակետները»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կայացել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդրանիկ նիստը: Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը բոյկոտ են հայտարարել և չեն մասնակցել ավագանու նիստին, իսկ ահա «Հանրային ձայնն» ու «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացան նիստին։