
«Ըստ այդ մենք գործելու ենք»․ Շոլցը՝ Իսրայելում կատարվողի մասին

Գերմանիան ավելի ուշադիր կհսկի իր տարածքում գտնվող իսրայելական կառավարական կառույցները և հրեական մշակութային և կրոնական հաստատությունները: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հանդես գալով հատուկ հայտարարությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուժեղացրել ենք հրեական և իսրայելական վայրերի պաշտպանությունը», - ասել է նա:
Շոլցը նաև դատապարտել է նրանց, ովքեր չհամակարգված ցույցերի ժամանակ պաշտպանել են «արմատականների» գործողությունները։ Մասնավորապես, նման դեպք է տեղի ունեցել նախօրեին Բեռլինի Նոյկյոլն թաղամասում։
Բացի այդ, կանցլերն ասել է, որ Գերմանիան պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և խստագույնս դատապարտում է «պաղեստինյան արմատականների» գործողությունները։ Նրա խոսքով՝ ավելի վաղ ինքը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան փոխանցել Գերմանիայի դիրքորոշումը։
«Իսրայելի անվտանգությունը բխում է Գերմանիայի ազգային շահերից, ըստ այդ մենք գործելու ենք»- ասել է նա։
Շոլցը նաև ասել է, որ Իսրայելում ստեղծված իրավիճակը կքննարկի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։