Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել․ Բլինքեն

ԱՄՆ-ը կարող է հայտարարել Իսրայելին լրացուցիչ օգնության մասին արդեն այսօր։ Այս մասին CNN-ին ասել է երկրի պետքարտուղար Էնթոնի Բլիքենը։

 

«Մենք դիտարկում ենք իսրայելցիների կողմից արված կոնկրետ լրացուցիչ խնդրանքները։ Կարծում եմ, որ դուք ավելի շատ մանրամասներ կիմանաք  այսօր ավելի ուշ»,- ասել է նա:

 

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղղորդումն էր՝ «համոզվել, որ մենք Իսրայելին կտանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս պահին ՀԱՄԱՍ-ի հարձակումներին դիմակայելու համար»։

 

Բլինքենը լրատվամիջոցին հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն ստացել է անհայտ կորած և զոհված ամերիկացիների մասին հաղորդումներ, և վարչակազմը «արտաժամկետ է աշխատում»՝ տեղեկատվությունը ճշտելու համար:

 

Ի պատասխան հանրապետականների մեղադրանքներին, թե Բայդենի վարչակազմը «հանգստացնում է Իրանին, և որ իրանական միջոցների ապասառեցումը նպաստել է Իսրայելի իրավիճակին», Բլինքենը կրկնել է, որ մարդասիրական նպատակների համար  նախատեսված ապասառեցված միջոցներից որևէ գումար չի ծախսվել։ «Այսպիսով, մարդկանց կամ ապատեղեկացված են, կամ իրենք են մոլորեցնում: Ցանկացած դեպքում դա սխալ է»,- ասել է նա։

Քաղաքականություն