«Էլեկտրական գործիքով փորձել են ծակել բենզինի բաքը». մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած պայթյունից․ «Հժ»
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի առաջացման պատճառների մասին մինչ օրս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնք, սակայն, ենթադրությունների համատեքստում են: Որոշները պնդում են, թե ծխախոտի կրակի պատճառով է այն առաջացել: Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշ հատվածի շրջանում էլ կան անգամ կասկածներ, որ ադրբեջանական կողմն է կազմակերպել՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես գրում է կայքը, լրատվամիջոցին, սակայն, որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից: ԼՂ ուժային կառույցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, երբ հազարավոր Արցախի բնակիչների անվճար դիզվառելիք էր տրամադրվում, որպեսզի նրանք սեփական մեքենաներով կարողանային հասնել ՀՀ, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնո...
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազ...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...