
Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո․ իրավապաշտպան

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով։
«Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Ադրբեջանը բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»,- ասել է իրավապաշտպանը։
Անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռուբեն Վարդանյանին, իրավապաշտպանն ասաց, որ օմբուդսմենն անկախ վարքագիծ չի դրսևորել հայ ռազմագերիների առնչությամբ և նրա այցելությունները կրել են ձևական, իմիտացիոն բնույթ։ Նրա գործունեությունը զերծ չի պահել հարյուրավոր ռազմագերիներին սպանվելուց։ Կան արձանագրված դեպքեր, միջազգային հետաքննություններ, որոնք բացահայտել են, օրինակ, Սև լճի գնդակահարությունը, և մենք չենք տեսել, թե ինչպես մարդու իրավունքներից ելնելով՝ նույն օմբուդսմենն աշխատել է իր երկրի իշխանությունների հետ, որպեսզի հայերի նկատմամբ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության և ընթանա քննություն, ինչը կբացահայտեր ատելության հողի վրա կատարված ծանր հանցագործությունները, ուստի որևէ անկախ ու արդյունավետ մեխանիզմ, ըստ Սահակյանի, չի կարող տրամադրվել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից։
Անդրադառնալով լրատվամիջոցի հարցին, թե հայ ռազմագերիների և ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների գործերը պետք է առանձի՞ն քննվեն, թե՞ դիտարկվեն մեկ փաթեթով, Սահակյանն ընդգծեց, որ դրանք նույնական գործեր չեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։