ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությունը երկար տարիներ երկրում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ոչ ինքնուրույն շնչել է, ոչ արտաշնչել, ոչ հազացել է, ոչ փռշտացել, հետևաբար, կարծում եմ, գիտեք՝ ինչի մասին եմ խոսում,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» 

 

խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին և դրանում առկա «խամաճիկային կառավարություն» արտահայտությանը։

Փաշինյանն ասել է, որ չի ուզում խոսել ԼՂ իր գործընկերների վերաբերյալ. «Որովհետև նաև դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետև ուզում եմ հիշեցնել՝ ոնց էիք երկու խմբակցությունով տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում։ Ասում էիք՝ ձեռքերը խփել է սեղանին ԼՂ ժողովուրդը, վերջապես ազգային կառավարություն է ձևավորվում ԼՂ-ում»,- նշել է նա։

 

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմության պլանն էր, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ հայրենակիցները բռնի տեղահանվելուց հետո Երևան գալու հնարավորություն չէին ունենա. «Կգնային Բոստոն, Փարիզ, Լոս Անջելես՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող և զրոյացող շարքերը։ Էդ ա եղել ձեր քաղաքականությունը․ ինչի՞ եք եկել, ստեղ ճառեր ասում։ Դուք երբեք ինքնուրույն քաղաքականություն չեք ունեցել, դուք չեք էլ հասկացել՝ ինչ քաղաքականություն եք վարում, վարել եք մի քաղաքականություն, որ Հայաստանը երբեք անկախ, ինքնուրույն պետություն չլինի»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե դատապարտում է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությունը։

 

Մանրամասները` տեսանյութում: