
Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության մասին մեղադրանքներին. ԱՄՆ պետդեպի խոսնակ

Անդրադառնալով Արցախից հայերի տեղահանությանը և շրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին, ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Կապի մեջ ենք տեղում մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։
Մեթյու Միլլերը ողջունել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը Արցախ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընգծել է, որ առկա է հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների ՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- եզրափակել է Մեթյու Միլերը: