Մեր աչքերի առջև նոր աշխարհակարգ է ծնվում. Լավրով

Աշխարհը կանգնած է ճամփաբաժանին, և շատ կարևոր է կանխել մեծ պատերազմի մեկնարկը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

Այսօր նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ՝ նշելով, որ «մեր աչքերի առջև նոր աշխարհակարգ է ծնվում»։ 

«Մեզանից է կախված պատմության զարգացումը։ Ընդհանուր շահերից է բխում, որ մեծ պատերազմ թույլ չտանք և նախորդ սերունդների ստեղծած միջազգային համագործակցության մեխանիզմները վերջնականապես չփլուզվեն», - ասել է Լավրովը:


Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հաջորդ տարի «Ապագա գագաթնաժողով» անցկացնելու նախաձեռնությամբ։ «Այս նախաձեռնության հաջողությունը կարող է ապահովվել բացառապես բոլոր անդամ երկրների շահերի արդար և ազնիվ հավասարակշռության ձևավորման միջոցով՝ հարգելով մեր կազմակերպության միջկառավարական բնույթը», - ասել է Լավրովը։ 

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր ընդլայնման թեմային։ «Անվտանգության խորհրդի ընդլայնումը դառնում է ավելի ու ավելի պահանջված՝ բացառապես նրա կազմում համաշխարհային մեծամասնության երկրների՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի թերներկայացվածությունը վերացնելու միջոցով», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ 

Նրա խոսքով, «կարևոր է, որ Անվտանգության խորհրդի նոր անդամները՝ մշտական ​​և ոչ մշտական, հեղինակություն վայելեն ինչպես իրենց տարածաշրջաններում, այնպես էլ այնպիսի համաշխարհային կազմակերպություններում, ինչպիսիք են Չմիավորման շարժումը, «77-ի խումբը» և Իսլամական Համագործակցության կազմակերպությունը»: