
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ

Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամեն ինչ անել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ոչ միայն զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, այլև ռուս խաղաղապահներ են մահացել»,– ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 մարդ է տարհանվել, նրանց թվում` մոտ 1000 երեխաներ, մարդկանց կացարան է տրամադրվել, տաք սնունդ և այլն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել լիովին դադարեցնելու մարտական գործողությունները, և սեպտեմբերի 21-ին` 13։00-ից սկսած բանակցություններ են ընթացել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»,– ՄԱԿ–ի ԱԽ նիստի մասնակիցներից հայտնել է Պոլյանսկին։
Ըստ ՌԴ ներկայացուցչի՝ հիմա առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում, և բոլորից առավել Ռուսաստանն է շահագրգռված, որ այս իրավիճակը հանգուցալուծվի հնարավորինս շուտ։ Այդ նպատակով նաև ՌԴ նախագահը քննարկումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Մենք հավատացած ենք, որ հայ–ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության և մարդու իրավունքների հարգման հստակ և միանշանակ երաշխիքներով` Լեռնային Ղարաբաղի բնակչության համար` հիմնվելով միջազգային սկզբունքների հիման վրա»,– ասել է Պոլյանսկին` հիշեցնելով, որ Եվրամիության գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
ՌԴ ներկայացուցիչը հավելել է, որ դրանց արդյունքում ընդունված հռչակագրերում Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման թեման պարզապես, դժբախտաբար, բաց է թողնվել։
Նրա խոսքով` հիմա պետք է ճանապարհային քարտեզ մշակել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար` հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։
Այս գործընթացին ակտիվորեն կաջակցեն ՌԴ խաղաղապահները։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալը շեշտել է, որ 2020 և 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարություններ իրավական հիմքեր են նախատեսում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, և դրանք միակ իրական կայուն լուծումը կարող են ապահովել Հարավային Կովկասի համար։