Ավինյանի ընտանիքը Նորք-Մարաշում 1000 քմ հողամասը ձեռք է բերել շուկայականից տասնապատիկ էժան. Сivilnet

Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ։ Այս մասին գրում է Сivilnet-ը: 

 

Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա մտերիմները, նույնիսկ աշխատակազմի որոշ նախկին անդամներ ներգրավվել էին արտադրական կանեփի բիզնեսում։  

«Ավինյանի մայրը բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեծ հողեր Արմավիրի մարզում։ ՍիվիլՆեթը պարզել է, որ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, անցյալ տարի 1000 քառակուսի մետր մակերեսով հողամաս է գնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առքուվաճառքի այդ պայմանագրով ֆիքսված գինը ավելի շատ նման է նվիրատվության։

 

1000 քմ հողամասը Երևանում՝ 10,5 մլն դրամով

 

2022-ի սեպտեմբերի 30-ին Արմեն Ավինյանը Արա Սիսեռյանի հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Ավինյանը ձեռք է բերել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող 1000 քմ հողամաս։ Արա Սիսեռյանը Վարագ Սիսեռյանի հայրն է, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, երբ Տիգրան Ավինյանն էր այդ պաշտոնին։ Վարագ Սիսեռյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերի 16-ին՝ Նիկոլ Փաշինյանի մի գրառումից հետո, նաև կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու մասին էր հայտարարել։

Արա Սիսեռյանը Արմեն Ավինյանին 1000 քմ մակերեսով հողամասը վաճառել է ընդամենը 10,5 մլն դրամով։ Սա Երևանում նման մակերեսով հողի վաճառքի շուկայական գնից ակնհայտորեն տարբերվող գին է, չափազանց էժան։ ՍիվիլՆեթը ներկայացնում է մի քանի օրինակներ, թե որքան արժե 1000 քմ հողը Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում։ Այսպես՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների տեղադրմամբ զբաղվող կայքերից մեկում Հովսեփյան փողոցում 911 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը արժե 290 000 դոլար, այսօրվա փոխարժեքով՝ 111 մլն դրամ։

 

 

Նույն փողոցում 1250 քմ տարածքով հողամասը (Արմեն Ավինյանին պատկանող հողամասից 250 քմ ավելի), ըստ List.am կայքի, արժե 500 000 դոլար։

 

 

Մեկ այլ հայտարարության համաձայն՝ Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում կա նաև 1200 քմ տարածքով հողամաս, որի շուկայական արժեքը 360 000 դոլար է»-գրել է լրատվամիջոցը։

 

Այլ մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում: