ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջոցով. NYT
Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը՝ իր հրթիռների արտադրությունը վերադարձնելով նախապատերազմական մակարդակին: Ինչպես գրել է New York Times-ն իր հոդվածում, այս մասին պարբերականի հետ զրույցում ասել են ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները:
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի սկզբում առնվազն վեց ամիս ստիպված է եղել կտրուկ դանդաղեցնել հրթիռների և այլ զինատեսակների արտադրությունը։ Բայց 2022 թվականի վերջում Մոսկվայի ռազմարդյունաբերական արտադրությունը նորից սկսել է արագանալ, հաստատել են անանունության պայմանով տեղեկություններ փոխանցած ամերիկացի պաշտոնյաները:
«Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից սահմանված արտահանման հսկողությունը խափանել է՝ օգտագործելով իր հետախուզական ծառայությունները և պաշտպանության նախարարությունը ու կազմակերպելով մարդկանց ապօրինի խմբեր, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են հիմնական բաղադրիչները՝ դրանք արտահանելով այլ երկրներ, որտեղից դրանք կարող են ավելի հեշտ մատակարարվել Ռուսաստան:
Պատերազմի սկսվելուց հետո մեկ տարուց էլ քիչ ժամանակում Ռուսաստանը վերակառուցել է կարևորագույն բաղադրիչների առևտուրը՝ դրանք ուղղորդելով Հայաստանի և Թուրքիայի նման երկրների միջով: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կարգավորիչ մարմինները փորձել են համագործակցել՝ սահմանափակելու չիպերի արտահանումը Ռուսաստան, սակայն դժվարացել են դադարեցնել բաղադրիչների հոսքը Մոսկվայի հետ կապեր ունեցող երկրների միջով», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները միջազգային պաշտոնյաներին հավաքել է Վաշինգտոնում՝ փորձելով ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները: Այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կարծիք էին հայտնել, որ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը մասամբ գործում են, քանի որ դրանք հետ էին պահում երկրներին միկրոչիպեր, տպատախտակներ, համակարգչային պրոցեսորներ և ճշգրիտ կառավարվող սպառազինության, ինչպես նաև դիզելային շարժիչների, ուղղաթիռների և տանկերի համար անհրաժեշտ բաղադրիչները Ռուսաստան ուղարկելուց: Բայց այժմ Ռուսաստանն արագ հարմարվել է ստեղծված իրավիճակին՝ սեփական ջանքերով ապահովելու անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումը:
«Այսօր ռուսական իշխանությունները վերակառուցել են իրենց տնտեսությունը, որպեսզի կենտրոնանան պաշտպանական արտադրության վրա: Վառելիքի բարձր գներից ստացված եկամուտներով՝ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները և պաշտպանության նախարարությունը կարողացել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել միկրոէլեկտրոնիկա և արևմտյան այլ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են թևավոր հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինատեսակների համար: Արդյունքում, ռազմական արտադրությունը ոչ միայն վերականգնվել է, այլև աճել: Արևմտյան մի պաշտոնյա, որը ներկայացնում է պաշտպանական ոլորտը, նշել է, որ պատերազմից առաջ Ռուսաստանը կարող էր տարեկան 100 տանկ արտադրել. հիմա արտադրում է 200 հատ։
Արևմտյան պաշտոնյաները նաև կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է տարեկան երկու միլիոն արկ արտադրել, ինչը երկու անգամ գերազանցում է ի սկզբանե արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականն առ այն, թե քանի արկ կարող էր արտադրել Ռուսաստանը նախքան պատերազմը:
Արդյունքում Ռուսաստանն այժմ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ԱՄՆ-ն ու Եվրոպան: Ընդհանուր առմամբ, Էստոնիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կուստի Սալմը գնահատել է, որ Ռուսաստանի ներկայիս զինամթերքի արտադրությունը յոթ անգամ ավելի է, քան Արևմուտքինը:
Ընդ որում, Ռուսաստանի արտադրության ծախսերը շատ ավելի ցածր են, քան Արևմուտքինը, մասամբ այն պատճառով, որ Մոսկվան զոհաբերում է անվտանգությունն ու որակը՝ ավելի էժան զենք ստեղծելու իր ջանքերում, նշել է Սալմը: Օրինակ՝ արևմտյան երկրին 5000-ից 6000 դոլար է արժենում 155 միլիմետրանոց հրետանային արկի պատրաստումը, մինչդեռ Ռուսաստանը մոտ 600 դոլար է ծախսում 152 միլիմետրանոց հրետանային արկ արտադրելու համար, ասել է նա։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Արևմուտքը կարող է դանդաղեցնել գործընթացը, բայց չի կարող խանգարել Ռուսաստանին մաքսանենգ ճանապարհով հրթիռների արտադրության համար անհրաժեշտ մասերի տեղափոխմանը:
Ներկայումս ԱՄՆ-ն և Եվրամիությունն ունեն 38 տարբեր կատեգորիաների ապրանքների միասնական ցուցակ, որոնց արտահանումը Ռուսաստան սահմանափակված է։
Եվ չնայած Մոսկվան հաջողության է հասել մաքսանենգ պրոցեսորների և տպատախտակների տեղափոխման հարցում, սակայն բախվում է հրթիռային վառելիքի և հիմնական պայթուցիկ նյութերի պակասի, նշել են ամերիկացի պաշտոնյաները: Այդ պակասը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի Մոսկվային, եթե նա փորձի ուժեղացնել զինամթերքի, հրթիռի կամ ռումբի հետագա արտադրությունը», - ասվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...