«Շիրակ» ֆուտբոլային ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 3,4 մլն դրամով․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում տարբեր որոշումներով Գյումրիի թիմն ընդհանուր առմամբ տուգանվել է 3 մլն 400 հազար դրամով։

Տուգանքների առյուծի բաժինը «Շիրակը» ստացել է օգոստոսին 26-ին Գյումրիում «Ուրարտուի» հետ կայացած խաղի արդյունքներով (0:2)։

 

Մասնավորապես, ըստ արձանագրության «Շիրակ ՖԱ» աշխատակից Սուրեն Սիմոնյանը ներխուժել է խաղադաշտ, հայհոյել է խաղի չորրորդ պաշտոնյային և հարվածելու փորձ է կատարել։ 

 

Սիմոնյանը 6 ամիս ժամկետով զրկվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ սկսած 2023 թվականի նոյեմբերի 18-ից՝ հաշվի առնելով նշված ֆուտբոլային սուբյեկտի՝ ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկված լինելու հանգամանքը, իսկ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն տուգանվել է նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի՝ 1,500,000 ՀՀ դրամի չափով։

 

«Շիրակ» թիմի ադմինիստրատոր Ժորա Սիմոնյանի կողմից մրցավարին հարվածելու փորձ կատարելու, իսկ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Լյովա Կարապետյանի կողմից չորրորդ պաշտոնյային հարվածելու փորձ կատարելու համար Սիմոնյանն ու Կարապետյանը որակազրկվել են 3-ական խաղերով, իսկ Գյումրիի թիմը 300 հազարական դրամով է տուգանվել։