«Россия Сегодня»–ն Sputnik Արմենիայի լրագրողի ձերբակալությունը սադրանք է որակել և պահանջել հիմնավորումներ

«Россия Сегодня» մեդիախումբը տեղեկացված է Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին լուրով: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում տալով մեդիախմբի մամուլի ծառայությանը:
 

«Լրագրողի ձերբակալությունը, հատկապես հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ֆոնին, հիմնավորումներ է պահանջում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«Россия Сегодня»–ն ակնկալում է քննության օբյեկտիվություն ու անաչառություն. «Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»:

 

«Հնարավոր սադրանքները, Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության խաթարմանն ուղղված սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հայտնել է մեդիախումբը։ 
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին Գորիսում։
 

Իրավիճակին արձագանքել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 
 

«Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը», - գրել էր նա թելեգրամյան ալիքում։
 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
 

«Ձևավորվել է քննչական խումբ։ 
 

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- գրել էր նա։

Քաղաքականություն