Գորիսում դիմակավորված անձինք առևանգել են բլոգեր Միկա Բադալյանին. կա ականատես. Պրիմակով

Բլոգեր Միքայել Բադալյանն անհետացել է Հայաստանի Գորիս քաղաքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովի խոսքով, նրան կարող էին առևանգել։ 

«Քիչ առաջ Երևանում լավ ընկերներից տեղեկացա, որ ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանին անհայտ դիմակավորված անձինք առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկի մոտ սեպտեմբերի 6-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 21:00-ին: Առևանգմանը ականատես է եղել տեղի բնակիչը՝ Հայ եկեղեցու քահանա»,- գրել է Պրիմակովը թելեգրամյան իր ալիքում:

Նա պարզաբանել է, որ երեքշաբթի Միքայելը մասնակցել է ռադիո Sputnik–ի հաղորդմանը, որտեղ հակառուսական դիրքորոշման համար քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկրի կառավարությանը։ Տեղական իշխանություններից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։ 

Պրիմակովը հույս է հայտնել, որ Հայաստանի իրավասու մարմիններն անմիջապես կհստակեցնեն ստեղծված իրավիճակը և սպառիչ ու թափանցիկ պատասխաններ կտան Բադալյանի ճակատագրի և անվտանգության վերաբերյալ։ 

 

«Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են»,– գրում է Sputnik Արմենիան: 

 

Լրատվամիջոցը նշում է, որ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։

 

Mash թելեգրամյան ալիքը գրում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ստուգում է բլոգերի անհետացման մասին տեղեկատվությունը, իսկ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս իրավիճակը սադրանք է անվանել։