Սկանդալային համբույրի ֆոնին աշխատանքից ազատվել է Իսպանիայի կանանց հավաքականի մարզիչը
Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Վիլդան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կանանց 2023-ի աշխարհի գավաթը: Իսպանացիները փլեյ-օֆֆում հաղթեցին Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Անգլիայի թիմերին:
Վիլդան ութ տարի (2015 թվականից) մարզել է Իսպանիայի կանանց հավաքականը։
Նշենք, որ մարզիչն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին, որը հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Լուիս Ռուբիալեսը համբուրել է կիսապաշտպան Ջենի Հերմոսոյի շուրթերը, երբ իսպանացի ֆուտբոլիստները հաղթանակ տարան օգոստոսի 20-ին կանանց աշխարհի գավաթի եզրափակիչում: Ռուբիալեսը նշում է, որ համբույրը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, Հերմոսոն պնդում է հակառակը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը կարգապահական վարույթի ընթացքում հեռացվել է ազգային և միջազգային մակարդակով ցանկացած տեսակի ֆուտբոլային գործունեությունից: ՖԻՖԱ–ն հայտնում է, որ կասեցման ժամկետը 90 օր է՝ սկսած օգոստոսի 26-ից: