ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթ՝ Վաշինգտոնում. ամերիկահայերը շարժվում են դեպի Սպիտակ տուն

Վաշինգտոնի հայերը երթով շարժվում են դեպի Սպիտակ տուն՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և դադարեցնել Արցախի շրջափակումը։ Այս մասին նշում են հայկական թելեգրամյան ալիքները՝ հրապարակելով նաև երթից կադրեր:

 

Այսօր ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ Երևանում UNICEF-ի գրասենյակի դիմաց ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկի Արցախում շրջափակման մեջ հայտնված 30,000 երեխաների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
 

Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ 

 

Ըստ Արցախի կառավարության՝ Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 197 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 235 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

 

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 501  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 55  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

 

Քաղաքականություն