
Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ. Ստրասբուրգի քաղաքապետ

Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ Այս մասին Գորիսում հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Նա ներկայացրել է այն երկու պատճառները, որոնք դրդել են իրեն մասնակցել այս նախաձեռնությանը։
«Առաջինը՝ գործելու հրատապությունն է։ Արցախի արտաքին գործերի նախարարը մեզ ասել է, որ երկու օրվա ալյուրի պաշար է մնացել։ Օրըստօրե իրավիճակը դառնալու է էլ ավելի բարդ։
Երկրորդ պատճառն այն է, որ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է, Ստրասբուրգում է տեղակայված Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եվ մենք ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին, նաև եվրոպական այլ հաստատություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին։
Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը և պարզապես գոյության իրավունքը»,- ասել է Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։