Հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը՝ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Դ.-ն է: Պարզվել է, որ Արամ Դ-ն հիվանդանոց է տեղափոխվել Քոչարյան փողոցի 3 հասցեում գտնվող «Լևոն Ղուկասյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման պահեստից, որտեղ աշխատանքներ կատարելու ժամանակ հեղուկների համար նախատեսված դարակաշարը կոտրվել է, հեղուկների տարաներն էլ ընկել են նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: