
Պեմզաշենում տեղի ունեցած սպասնության գործով մեղադրյալներից մեկը հացադուլ է սկսել․ փաստաբանը հայտնում է պատճառը

Այո, Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ Նշենք, որ Արկադի Բարսեղյանը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից մեկն է։ Նա օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել։
«Հացադուլով նա փորձում է իր բողոքն արտահայտել, քանի որ ըստ իրեն՝ իրավապահ մարմինները բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չեն կատարում։ Նա պահանջում է, որ գործի քննությւոնը հանձնվի առավել պրոֆեսիոնալ կազմով համալրված քննիչների»,- ասաց փաստաբան Վլադիմիր Մինասյանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: