«Եթե սեպտեմբերին Փաշինյանը մեզ չընդունեց, երդվում ենք, որ ծայրահեղ քայլերի կգնանք». անհետ կորածների ծնողներ

«Ծնողներով որոշել ենք, որ 1 ամսով մեր բողոքի ակցիան հետաձգենք, եթե մինչև սեպտեմբերի կեսերը Փաշինյանն ու իր թիմը մեզ չընդունեցին ու մեր հարցերին չպատասխանեցին, երդվում ենք, որ ծայրահեղ քայլերի կգնանք»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասել են Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները։ 

«Բաղրամյան պողոտան 2 անգամ փակեցինք, Ազգային ժողովի ու Կառավարության պատերի տակ ժամերով նստեցինք, բայց Փաշինյանը չբարեհաճեց մեզ ընդունել, փոխարենը սադրիչների «գործուղեցին» Բաղրամյան։ Մեկն էլ իրենց հեղափոխության օրերին հարթակ բարձրացած և հերոսի պապ ներկայացած անձն էր, որ եկել էր Բաղրամյան պողոտա և առաջարկում էր՝ գնալ Բաքվում ակցիա անել։ Դա իշխանության հերթական լկտիությունն էր»,- ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։ 

 

«Մենք հասկացանք, որ Նիկոլը թքած ունի հայ ժողովրդի վրա, իր համար միայն իր ընտանիքն է, ուրիշ ոչ մեկ։ Եթե քիմիկների կեսը ԼԳԲՏ կամ թմրամոլ լինեին, այս խնդիրը կլուծեին, չնայած այդ դեպքում նրանց չէին էլ տանի մարտական գործողությունների։ Որոշել ենք, եթե մինչև սեպտեմբերի կես Նիկոլը և մյուս պաշտոնյաները մեզ չընդունեն, ապա այս անգամ ոչ միայն ծնողներով, այլ նաև ընտանիքներով, հարևաններով, բարեկամներով, գյուղերով ու համայնքներով ենք բողոքի ակցիաներ կազմակերպելու։ Նիկո՛լ, մենք գալու ենք քո հետևից ու դու պատասխան ես տալու, ուզես, թե ոչ»։

 

Հիշեցնենք որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած: