«Բանակի սպառազինումը և ՄՈԲ-ի աշխատանքը բավարար չէին ժամանակակից պատերազմ վարելու համար». Տոնոյան

Հայաստանը 2020 թվականի 44–օրյա պատերազմից առաջ երբևիցե հնարավորություն չի ունեցել բավարար կերպով համալրել սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) ու հանդերձավորման ռեսուրսները։

 

ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով հարցին, թե բանակի ղեկավարումը ստանձնելու ժամանակ արդյոք գո՞հ էր բանակի հագեցվածությունից։

 

«Մենք երկու անգամ` 2018 և 2019 թվականին նշել ենք, որ համալրման անհրաժեշտություն կա»,–ասել է Տոնոյանը։

 

Նա հայտարարել է, որ ինքը չի խոսել բանակի բավարարվածության մասին, քանի որ զինված ուժերը կենդանի օրգանիզմ են։ Միաժամանակ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է պաշտոնը, հաշվի առնելով երկրի տնտեսական և ժողովրդագրական վիճակը, իր գնահատականը եղել է այն, որ Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով և ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։

 

Նրա խոսքով` եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենային համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է` Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում ՀՀ զինված ուժերը հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին` Կասպից ծովի ափերին։

 

Անդրադառնալով ՄՈԲ ռեսուրսի կառավարման ձևին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին` Տոնոյանը նշել է, որ այդ համակարգը եղել է թերի։

 

«Զորահավաքային ռեսուրսների ներգրավման 1946 թվականներից մինչև 60–ականների սկիզբ ձևավորված մոտեցումը տոտալ պատերազմ վարելու, ամբողջ ներուժն օգտագործելու , օպերատիվ և ռազմավարական խորություններ ունենալու հնարավորություններով մոբիլիզացիոն հայեցակարգ էր, որն ավտոմատ կերպով ներդրվել էր ՀՀ զինված ուժերը համալրելու և լրահամալրելու առումով։ Իմ գնահատականով սա իրատեսական չէր, և ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում Հայաստանն ի վիճակի չէ անել»,–ասել է Տոնոյանը։

 

Նա ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թվաքանակ էր և Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական հնարավորությունները թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում ներդաշնակված մարտունակ ստորաբաժանումներ ներգրավվել։

 

«Հետևակի առումով չորորդ սերնդի պատերազմի պարագայում անգամ թերի էր այդ համակարգը։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական փուլում մենք պահեստազորի ակտիվ ռեզերվի գաղափարն էինք ներդնում»,–ասել է Տոնոյանը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։

 

Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատահարներ