Ռուբեն Վարդանյանի հանրային պաշտպանը ադրբեջանցի է

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան Վարդանյանին նոր պաշտպան է նշանակել՝ Էմիլ Բաբիշովին, ինչին Վարդանյանը չի առարկել։


Դատարանի նախագահող դատավորը հայտարարել է, որ նոր փաստաբանի համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ և կտրվի լրացուցիչ ժամանակ՝ մեկուսարանում Վարդանյանի հետ հանդիպելու և քրեական գործի նյութերին ծանոթանալու համար։


Դատավարությունը հետաձգվել է մինչև նոյեմբերի 4-ը՝ հնարավորություն տալու, որ պաշտպանն ուսումնասիրի գործը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Վարդանյանը հրաժարվել էր իր նախկին պաշտպան Աբրահամ Բերմանից։ Դատարանը հայտարարել էր, որ Վարդանյանը չի կարող մնալ առանց պաշտպանի և պետք է կնքի նոր պայմանագիր կամ համաձայնի հանրային պաշտպանի նշանակմանը։ Վարդանյանը չէր առարկել վերջին տարբերակին։


Ավելի ուշ նրա ընտանիքը հայտնել էր, որ Ռուբեն Վարդանյանը նման որոշում է կայացրել հարկադրված՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական օրենսգրքի խախտումները, որոնք դատական գործընթացը վերածել են ֆարսի։ Վարդանյանի խոսքով՝ պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են, իսկ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին հաստատել նրա անմեղությունը։


Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ ուղղված դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։

Քաղաքականություն

Պատահարներ