Վրաստանը աջակցում է Կովկասում խաղաղության հաստատմանը. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և հանձնաժողովի անդամների հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և փոխայցերի դրական դինամիկան։ Ընդգծվել է մասնագիտական հանձնաժողովների միջև ակտիվ շփումների կարևորությունը։


Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունները՝ նշելով, որ տարածաշրջանային խաղաղությունը կարող է դրական ազդեցություն ունենալ երեք երկրների զարգացման վրա։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մշտապես հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և նշել է, որ ներկայիս գործընթացները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի համար։


Շալվա Պապուաշվիլին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության նշանակությունը հոկտեմբերին անցկացված հինգերորդ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Վրաստան։


Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Պապուաշվիլիին «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ հոկտեմբերյան տեղական ինքնակառավարման ընտրություններում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի նկատմամբ միջազգային հարթակներում ցուցաբերած աջակցության համար։



Քաղաքականություն

Պատահարներ