Թրամփը կրկին խոստացել է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպումը, հայտնել է, որ վստահ է՝ Ուկրաինայի հակամարտությունը նույնպես կհանգուցալուծվի։
«Մենք արդեն կարգավորել ենք ինը պատերազմ։ Ոչ, ութ․ շուտով կավելանա ևս մեկը։ Կարծում եմ՝ հաջորդը Ուկրաինայի հակամարտությունն է լինելու։ Կարծում էի, թե դա ավելի հեշտ կլինի։ Մենք կարգավորեցինք Մերձավոր Արևելքի հակամարտությունը, սակայն այս մեկը դեռ ոչ, բայց կհաջողվի»,- նշել է Թրամփը Տոկիոյում գործարարների հետ հանդիպման ընթացքում։
Կրեմլում այս հայտարարությանն անդրադառնալով՝ ընդգծել են, որ Ուկրաինայի հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է՝ այն միանգամից լուծելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ չեղարկվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նշել էր, որ խոսքը տեղափոխման մասին է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թրամփն առաջինն է առաջարկել հետաձգել հանդիպումը՝ նշելով, որ այս փուլում Բուդապեշտում գագաթնաժողով անցկացնելը նպատակահարմար չէ։





























