Եթե վարույթը կարճվի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն. Մեսրոպյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից նախաձեռնված վարչական վարույթը կարող է ունենալ մի քանի ելք՝ նկատողություն, տույժ–տուգանք, լիցենզիայից զրկում կամ վարույթի կարճում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։


Նրա խոսքով՝ վարույթի ավարտը նախատեսված է նոյեմբերի 18-ին։ 


«Եթե վարույթն ամփոփվի լիցենզիայից զրկելով, ապա ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը ՀԷՑ–ի սեփականատերերի հետ բանակցությունները չի ավարտվել։ Եթե վարույթը կարճվի, ապա ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ այլ աշխատանքի, և ՀԷՑ սեփականատերերը կշարունակեն կառավարել»,– ասաց ՀԾԿՀ նախագահը։


Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ՝ հիմք ընդունելով կառավարության հաղորդումը և հարուցելով վարչական վարույթ ընկերության նկատմամբ։


Մեսրոպյանը նշեց, որ ինքն իրեն թույլ չի տալիս մեկնաբանել վարույթի մանրամասները, սակայն ընդգծեց, որ Պետրոսյանը, որպես ժամանակավոր կառավարիչ, լիազորված է հանդես գալ հայտարարություններով՝ իր գործառույթների շրջանակում։


ՀԾԿՀ ղեկավարը նաև արձագանքեց այն քննադատություններին, թե հանձնաժողովը կորցրել է անկախությունը և գործում է կառավարության ցուցումներով։ «Սա բացարձակ սխալ դիտարկում է։ Երբ քննարկում էինք ՀԷՑ-ի 2025 թ. ներդրումային ծրագրերը, վարույթ դեռ հարուցված չէր։ Մենք մերժել ենք առաջարկները բացառապես օբյեկտիվ տեխնիկական պատճառներով»,– ընդգծեց Մեսրոպյանը։


Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին  Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։

Քաղաքականություն

Պատահարներ