Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից Արցախ օգնություն ուղարկելն անվանել է «ոտնձգություն»

Բաքուն Հայաստանից Արցախ օգնություն ուղարկելն անվանել է «ոտնձգություն» Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «հայկական կողմից ավտոշարասյան ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ մարդասիրական օգնության անվան տակ և առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ և հերթական սադրանք Լաչինի անցակետի դեմ»։

 

«Երևանը չի կարող մարսել Ադրբեջանի կողմից իր սահմանները վերահսկելու և Հայաստանի կողմից սադրանքները կանխելու նպատակով ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գոյությունը։ Այն փաստը, որ հայկական կողմը նման քայլի է դիմել Մոսկվայում կայացած բանակցություններից անմիջապես հետո, որտեղ, մասնավորապես, տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի մանրամասն քննարկում, վկայում է, որ Հայաստանն անկեղծ չէ այդ գործընթացում և, սրելով իրավիճակը, մտադիր է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Բացի մարդասիրական գործունեության քաղաքականացումից, Հայաստանի այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին նրա հայտարարություններին։ Վերոնշյալ սադրանքին Հայաստանում Եվրամիության առաքելությանը և դիվանագիտական կորպուսին որպես գործիք ներգրավելը վկայում է, որ դա նախապես ծրագրված ակցիա էր: Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանային ծառայությունն օգնության ուղարկումն անվանել էր «սադրանք»։