Կարևորում ենք ԱՄՆ ներգրավվածությունը կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հունիսի 29-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Անկախության գալիք օրվա առթիվ՝ մաղթելով ԱՄՆ բարեկամ ժողովրդին բարօրություն ու առաջընթաց:

 

Փոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում:

 

Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև ամուր գործընկերություն է հաստատել, որը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվում և ամրապնդվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը շեշտել է, որ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության, խաղաղության ու մարդկային արժանապատվության հիմնարար սկզբունքների ընդհանուր տեսլականի վրա: Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և ամփոփելով ելույթը նշել է. 

 

«Ցավոք, այսօր հայ ժողովուրդն արտաքին անվտանգային զգալի մարտահրավերների է բախվում: Եվ այս առումով մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ»

 

Քաղաքականություն