Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին գրում է «Հետք»-ը
Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։
Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։
Թռչնամիսը կարգավորվում է ՄՄ ՏԿ 051/2021 «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Թարմ և պաղեցված հավի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է։
Հավի մսի մակնշումը պետք է համապատասխանի Մաքսային միության «Պարենային ապրանքներ իրենց մակնշման մասով» ՄՄ ՏԿ 022/2011-ի, ինչպես նաև ՄՄ 051/2021 տեխնիկական կանոնակարգի 104-121-րդ կետերի պահանջներին։
Ինչպես նաև՝
- մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն թռչնի սպանդի և թռչնի մսամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին
- մակնշումը պետք է ներառի տեղեկություններ թռչնի տեսակի և խմբի մասին (օրինակ՝ «հնդկահավ», «հավ» և այլն), սորտ և կատեգորիա, ինչպես նաև՝ ջերմային վիճակ («սառեցված», «պաղեցված»)
- փաթեթավորումը պետք է դրոշմված լինի անասնաբուժական կնիքով, կամ դրա պատկերը պետք է լինի պիտակի վրա։
Նմուշ N 1
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։
Պիտանելիության ժամկետը 5 օր է։ Ապրանքն ունի EAC նշան (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity), ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։
«Առողջ սնունդ, առողջ ապագա» մակնշված է ապրանքի վրա։ ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշում կան ախտածին սալմոնելաներ։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված։ Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»
«Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյան:
Նմուշ N 2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։
Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։
Ապրանքն ունի EAC նշան։
Երկու լաբորատոր փորձաքննության արդյունքում այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Նմուշ N 3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» պաղեցված բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 14.05.2023։ Այս ապրանքի վրա իրացման կետը (գնվել է «ՍԱՍ» սուպերմարկետից) կրկնապիտակով այլ ժամկետը էր նշել՝ 15.05.2023։
Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։
Ապրանքն ունի EAC նշան, նաև՝ «Հալալ» սերտիֆիկացում (կամավոր է, ինչը հավաստում է, որ արտադրանքը կարող է օրինականորեն սպառվել մահմեդականների կողմից)։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննության արդյունքում նմուշում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։
Նմուշ N 4
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։
Այն փաթեթավորված չէր, բայց ուներ անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը, ինչը վկայում է, որ այն սպանդանոցային ծագման միս է։ 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարը լրացնում և տալիս է իրացնողին։ Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
ՍԱՏՄ իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ, որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ՄԱՖԱՄ-(մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։
Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Նմուշ N 5
Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։ Ապրանքն ունի EAC նշան։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։
Նմուշ N 6
Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գետամեջի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում ՍԱՏՄ-ն այս ապրանքում հայտնաբերել է ախտածին սալմոնելաներ։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․ «2023 թվականի մայիսի...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...
Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակա...