ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ազգային պարտքի սահմանաչափի մասին օրինագծին
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է պետական պարտքի առաստաղի մասին օրինագիծը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Օրինագծին, որը մշակվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի բանակցությունների արդյունքում, կողմ է քվեարկել 63 սենատոր, դեմ՝ 36։
«Այս օրինագիծն ընդունելով՝ մենք այս գիշեր կխուսափենք դեֆոլտից: Ամերիկան կարող է հանգիստ շունչ քաշել», - ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը:
«Ի սկզբանե մեր հիմնական նպատակը դեֆոլտից խուսափելն էր, դեֆոլտի հետեւանքները աղետալի կլինեն»,- ասել է նա։
Այժմ փաստաթուղթը ստորագրության կուղարկվի Սպիտակ տան ղեկավարին։
Բայդենի և Մաքքարթիի միջև պետական պարտքի սահմանաչափի շուրջ համաձայնության հասնելու մասին հայտնի դարձավ մայիսի 28-ին։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ իր գերատեսչության ռեսուրսները կսպառվեն մինչև հունիսի 5-ը, եթե Կոնգրեսը չմեծացնի կառավարության փոխառությունների սահմանաչափը կամ չդադարեցնի այն։
Ընդունված օրինագիծը կկասեցնի երկրի պետական պարտքի սահմանաչափը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։