Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ
Չեչնիայի իշխանությունները շրջանային ոստիկանության բաժիններին պարտավորեցրել են ամեն ամիս գտնել 25-50 բնակչի, որոնց կարելի է ստիպել պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։
Հրատարակության տվյալներով՝ ձերբակալվածներին պահում են երկու հատուկ կենտրոններում, որից հետո առանց ռազմական պատրաստության ուղարկում ռազմաճակատ։
NIYCO-ի տեղեկություններով՝ ոստիկանության բաժինների ղեկավարներն ու նրանց համակարգողները WhatsApp-ի փակ խմբում հաշվետվություն են ներկայացնում ձերբակալվածների թվի վերաբերյալ։ Նշվում է նաև, որ ձերբակալվածներին կարող են փոխանցել այլ բաժինների՝ հանձնարարականը կատարելու նպատակով, իսկ այն ղեկավարները, որոնք չեն կատարում սահմանված ցուցանիշը, տուգանվում են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիր կնքելուն հարկադրելու պատճառ կարող են դառնալ կռիվը, մեքենայի մգեցված ապակիները, ապահովագրության բացակայությունը, «չափազանց երկար մազերը» կամ խնամված մորուքը։ Բացի այդ, պատերազմի ուղարկելու սպառնալիքով ճնշում են գործադրում նաև կոմունալ կամ խանութների պարտքեր ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև նրանց, ում հեռախոսներում հայտնաբերում են չեչեն ընդդիմադիր բլոգերների բաժանորդագրություններ, իշխանություններին քննադատող հրապարակումներ կամ «քաղաքական» հավանումներ։