ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա աշխարհաքաղաքական թակարդ էր, փակուղի․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:
Կառավարության լրատվական ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․
CNN primanews – Հայաստանը շատ բարդ քաղաքական իրավիճակում է. ձեր խոշոր հարևանն է՝ Թուրքիան, Ռուսաստանը տարածաշրջանային այլ մեծ տերություն է, կա նաև Իրանը, իսկ Եվրամիությունը, թվում է, բավականին հեռու է, բայց ինչպե՞ս կարող է իրատեսորեն Եվրամիությունն օգնել լուծելու Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի բարդ հարցը։ Մենք իրականում տարբերակներ ունե՞նք, մեր ձեռքում որևէ լծակներ կա՞ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մեր ռազմավարությունը հենց Ձեր նշածի բերումով է: Տեսեք, Դուք ասում եք, որ մենք բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք: Իրականում, մենք ոչ թե բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք, մենք աշխարհագրական իրադրության մեջ ենք:
Այսինքն՝ մեր բարդությունը ոչ թե աշխարհաքաղաքականությունից է, մեր բարդությունն աշխարհագրությունից է, որովհետև ինչպես էլ փոխվի աշխարհի քաղաքականությունը, մեր աշխարհագրությունը չի փոխվելու: Եվ դրա համար մենք, առավել ևս հիմա, մեր ժողովրդին առաջարկում ենք և առաջարկել ենք քաղաքական հետևյալ տեսլականը, որ մեր արտաքին քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի բնականոն հարաբերություններն առաջին հերթին մեր անմիջական հարևանների հետ: Ինչքան էլ սա բարդ է՝ նույնիսկ լսելը, որովհետև պատմությունն իր հետ շատ մեծ բարդություններ է բերել, շատ մեծ նեգատիվ բեռ է բերել:
CNN primanews – Դուք իշխանության եք եկել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, որը բոլոր չեխերին հիշեցնում է 1989 թվականի թավշյա հեղափոխության մասին։ Երկու տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասու՞մ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ կարծեմ այդ հարցազրույցը հրապարակված է, դա հաստատ հեղափոխությունից առաջ էր. մի անգամ ինձ հարցեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վստահաբար ես ասել եմ Նելսոն Մանդելա և Վացլավ Հավել: Եվ իրոք այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի:
Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց:
CNN primanews – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ Ձեզ ժամանակ տրամադրելու համար և հաջողություն եմ մաղթում Ձեր դժվար գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: